«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայրենագիտություն և հայրենապահություն

Հայրենագիտություն և հայրենապահություն
01.09.2023 | 21:11

Արցախում նոր ուսումնական տարին մեկնարկում է պաշարման պայմաններում:

Օրեցօր վատթարացող կացությունն ամենևին էլ ուսումնառությունը վերսկսելուն չի տրամադրում, սակայն, ի պատիվ կրթական ոլորտի պատասխանատուների ու հազարավոր ծնողների, ճիշտ որոշում կայացվեց, և այսօր տեղի դպրոցները, քոլեջները և բուհերը բացվել են սովորողների առջև:

Թեպետ կա դպրոցական հագուստի, գրենական պիտույքների ու դասագրքերի խիստ սղություն:

Թեպետ ուսումնական հաստատություններ հասնելու համար հաճախ պետք է մեծ տարածություն հաղթահարել ոտքով:

Թեպետ շատերը դասի են գնալու թերսնված:

Թեպետ բոլորը գտնվում են ամենօրյա թշնամական սպառնալիքների ներքո և երերուն անվտանգության մեջ:

Այնուհանդերձ, մարդիկ գիտեն՝ զոհողություններն արվում են հանուն կրթության ու գիտելիքի: Ամենավատթար ժամանակներում անգամ, այո՛, պետք է սովորել՝ ոչ միայն կյանքի առաջընթացին համաքայլ գնալու, այլև նմանօրինակ, և գուցե առավել դաժան ժամանակները հաղթահարելու իմացություն ձեռք բերելու համար:

ՈՒզում եմ հավատալ, որ ներկայում և այսուհետ արցախյան, ընդհանրապես հայկական դպրոցներում դասավանդվող գլխավոր առարկան կլինի հայրենագիտությունը՝ հայրենապահական խորքային հիմունքներով: Առանց այդ գիտելիքին ու փորձառությանը տիրապետելու ոչինչ են լինելու մնացյալ ձեռքբերումները՝ երկրի, ազգի ու աշխարհի առջև:

Դպրոցը մեր երկրի ընդհանուր պաշտպանական համակարգի նախադիր կառույցն է, այն միշտ պետք է գործի և թողարկի, նախ և առաջ, փայլուն հայրենապահներ:

Շնորհավոր ձեր նոր ուսումնական տարին, սիրելի աշակերտներ և ուսանողներ:

Դուք սովորելով՝ սովորեցնում եք մեզ:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը, սիրելի ուսուցիչներ և դասախոսներ:

Մեր նոր սերնդին առաջնորդեք դեպի հայ ոգու նոր բարձունքներ:

Մենք բոլորս միմյանց սովորեցնելու այնքան բան ունենք հիմա և այսուհետ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ